Նախագծի մասին
«32 ատամ» ակումբ հիմնադրելու գաղափարն առարկայացավ ամառային մի տաք երեկո` մայրաքաղաքի բացօդյա սրճարաներից մեկում: Կարեն Բաբաջանյանն անհամբեր սպասում էր ընկերոջը: Ընկերը` նույն ինքը, Վահագն Գրիգորյանն ատամնաբույժի մոտից եկավ ցավազրկված, տանջված ու ոգեշնչված: 2006թ. հունիս, թե՞ հուլիս. չէ, հաստատ հունիս, որովհետև հուլիսի շոգերին արդեն «32 ատամ»-ի տղաները լրջորեն զբաղվում էին սցենարական աշխատանքով և բեմադրական փորձեր անում: ԵՎ ուրեմն հունիսի 5-ին, ժամը 17:55-ի սահմաններում սկսված հանդիպումն անցավ փոխըմբռնման և կառուցողական մթնոլորտում: Ընկերներն իրար հրաժեշտ տվեցին շատ երկար, ընդամենը ժամեր հետո, այսինքն վաղ առավոտից գործի անցնելու պայմանով:
«32 ատամ»-ը կազմավորվեց շատ արագ, հիմնականում Հայաստանի ՈւՀԱ-ի բարձրագույն լիգայի տարբեր թիմերի անդամներից: Առաջին բեմելը սեպտեմբերի 5-ին էր` Ավանգարդ ֆոլկ կենտրոնի դահլիճում: Այն որ «Քոմեդի սթենդ ափ» ժանրում գրագետ աշխատանքը դատապարտված էր հաջողության, տղաները գիտեին, այնուամենայնիվ ակումբային ներկայացումներին վերաբերվում էին, որպես մի փորձության, ինչը հաղթահարելու դեպքում միայն կարելի էր մտածել հասարակական լայն զանգվածների սրտերը գրավելու, հումորային նոր քաղաքականություն վարելու մասին:
«32 ատամ» ակումբի առաջին եթերը 2006թ. դեկտեմբերի 3-ին էր` ՆՈՐ ԱԼԻՔ հեռուստաընկերությամբ: Հասարակական արձագանքները, տղաների գործունեության վերաբերյալ աճող պահանջարկը, այս ստեղծագործական թիմի համար գծագրեց բնականոն մի ճանապարհ, որն ամենևին էլ միապաղաղ չէր ստեղծագործական որոնումների առումով:
2007թ. հունվարի 1-ից «32 ատամ» ակումբը հեռուստադիտողին ներկայացավ Հանրային հեռուստատեսության առաջին ալիքի եթերում:
2008թ. նոյեմբերից «32 ատամ» ակումբ հեռուստանախագիծը տեղափոխվեց Շանթ հեռուստաընկերության եթեր:
2007-2008թթ. Մոսկվայում անցկացվող «Տաշիր» ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ, տարվա լավագույն հումորային նախագիծ նոմինացիայում հաղթող է ճանաչվել «32 ատամ»- ը:
Մեկ տարի անց «32 ատամ» հեռուստանախագիծը համանուն նոմինացիայում հաղթող է ճանաչվել արդեն ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում տեղի ունեցող ամենամյա «ՔՈՄԵԴԻ ԸՎՈՐԴՍ» մրցանակաբաշխության ժամանակ:
Հանրագումարի բերելով իրենց ելույթները Հայաստանում, Ամերիկայում, Ռուսաստանում և Վրաստանում՝ 32-ցիները վստահ են, որ դեռ կեսի-կես ճանապարհին են:
